Շրջակա միջավայրի նախարարությունն հյուրընկալել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային մենեջեր Մաքսիմ Սուրկովին: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:
2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) երկկողմ Հիմնական համաձայնագիրը, որի նպատակն է պաշտպանել հիմնադրամի ակտիվները Հայաստանում և ապահովել համագործակցության արդյունավետ իրականացումը: Համաձայն ԿՓՇԿ համապատասպան որոշման, համաձայնագրի կիրարկումն առաջարկվում է հինադրամից աջակցություն ստացող բոլոր զարգացող երկրների համար։ 2021թ. հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը գործընկերներին են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև առկա համագործակցությունը։
Հայաստանը սկսել է իր գործնական համագործակցությունը հիմնադրամի հետ 2017 թվականից, երբ հաստատվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ ծրագիրը։ Վերջինս հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջին ծրագիրն է:
Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվում են նաև՝
-
«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը,
-
«Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ գործընկերության և ծրագրերի շրջանակների ընդլայնում և համաձայնեցում երկրի ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների հետ» ծրագիրը։
Նոնհլանհլա Զինդելայն իր հերթին գոհունակություն է հայտնել Հիմնադրամի և նախարարության համագործակցության վերաբերյալ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ տիրապետում է Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ աշխատանքի տեխնիկաներին»,- նշված է գրառման մեջ։