ՀՀ կառավարության անդամները սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության ղեկավար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ։
«Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ու հիմնարար իրավունքների լիարժեք ապահովմանը։ Հատկանշական է, որ նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են մասնավորապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց խնդիրների լուծման ուղղությամբ, իսկ ահա 2024-2029 թթ. համալիր ծրագիրը, ինչպես նաև շուտով հաստատման ենթակա ՀՀ-ում ժողովրդագրության 2024-2040 թթ․ ռազմավարությունը, միտված են նպաստավոր պայմաններ ապահովել առանց մասնավորեցնելու՝ բոլոր երեխաների համար՝ ներառման, հավասարության և խտրականության բացառման տրամաբանությամբ» - իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը։
ՀՀ պատվիրակության կազմում են եղել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը, Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանն ու նույն վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ Սոֆյա Մարգարյանը, Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, ԱՍՀՆ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Մերի Գասպարյանը․ նրանք ևս ներկայացրել են իրենց ոլորտներում երեխաների իրավունքների իրացման հետ կապված աշխատանքները։
Զեկույցի ներկայացման աշխատանքներին մասնակցել է նաև Շվեյցարիայի համադաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։
Կոմիտեի անդամների կողմից բարձր է գնահատվել ՀՀ կառավարության ջանքերը, ներկայացվել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ և ուղենիշներ՝ հետագա ոլորտային համապարփակ բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։