Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Դեսպան Մկրտչյանը, ողջունելով Թեոդորա Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։
Դեսպանը մասնավորապես ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը և Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան այն իրականացնելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող քայլերը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց օր առաջ ազատ արձակելու հրամայականը։
Իր հերթին Թեոդորա Բակոյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և անդրադարձավ միջխորհրդարանական շփումների կարևորորությանը երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության խթանման գործում։
ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները։
Քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք միջոցառումներ»,- նշված է գրառման մեջ: