Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ պաշտոնական այց է կատարել Անկարա: Սա առաջին նման այցն էր վերջին 12 տարվա ընթացքում: Երկկողմ բանակցություններից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ալ Սիսին նշել է, որ Էրդողանի հետ քննարկել են Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների զարգացման հեռանկարը, տարածաշրջանային ճգնաժամերը և հումանիտար խնդիրները կարգավորելու տարբերակները: Նա հավելել է՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու և Արևմտյան ափին էսկալացիան դադարեցնելու հարցում Եգիպտոսի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են: Ալ Սիսին տեղեկացրել է, որ օրակարգում է եղել նաև իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, Սոմալիում:
Էրդողանն էլ շեշտել է, որ Թուրքիան և Եգիպտոսը «կենսական» դեր են խաղում տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում։ Նա հայտարարել է՝ Իսրայելը և այդ երկրի աջակիցները պատասխանատու են յուրաքանչյուր անմեղ զոհի համար։ Էրդողանը հավելել է, որ Անկարան աջակցում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու շուրջ բանակցություններում Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին:
Հանդիպման արդյունքներով նախագահները 17 համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ արդյունաբերության, կրթության, տրանսպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա 5 տարում առևտրաշրջանառությունը հասցնել 15 միլիարդ դոլարի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: