Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծին:
«Նախագծով առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին, օպերատորներին տալ հնարավորություն մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում:
Կառավարության քաղաքականությունն է, հաշվի առնելով, որ գործող մեթոդը իրեն չի արդարացնում. իսկ գործող մեթոդը հետևյալն է՝ մեկ ուղղությամբ՝ մեկ օպերատոր. մենք փորձում ենք կամ ամբողջ մարզը, կամ մարզը բաժանել 2 երկու մասի, ունենալ միասնական մեծ ցանց, որը կսպասարկի տվյալ տարածքի բոլոր բնակավայրերը»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ փոփոխությամբ հնարավորություն կտրվի այն ընկերություններին, որոնք կմասնակցեն այդ մրցույթներին, հետագայում դիմել Էկոնոմիկայի նախարարություն և որպես գերակա ուղղություն օգտվել այդ արտոնությունից՝ ազատվել մաքսատուրքից:
«Միկորավտոբուսների համար մենք պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան: Ես կարծում եմ, որ իսկապես շատ կարևոր է, որովհետև սա էլ է այն որոշումներից, որն իրական կյանքից թելադրված է, որովհետև, ըստ էության, շատ գյուղերում, շատ համայնքներում անընդհատ այդ պրոբլեմը բարձրացնում են, որ տրանսպորտի խնդիր կա, և խոսքը, իհարկե, վճարովի տրանսպորտի մասին է, և հիմա հույս ունենք, որ այս որոշմամբ մենք կկարողանանք հետաքրքրությունը ոլորտում մեծացնել, որովհետև այդ մաքսատուրքերը փոքր չեն և ներդրումային ծրագրի շահութաբերության վրա իրենց լինելը կամ չլինելը էական ազդեցություն կարող է ունենալ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: