ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Ռանու Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) մանրամասները:
Ծրագիրը մշակվել է դեռևս 2022թ․ Համաշխարհային բանկի կողմից առաջարկված Արդյունքների ծրագրի (PfR) ֆինանսավորման գործիքի կիրառման շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ջրային կոմիտեի միջև քննարկումների արդյունքում։
Այն ներառում է մի քանի բաղադրիչ, այդ թվում՝ ջրային ոլորտի բարեփոխում և ոռոգման և գյուղական շրջաններում ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքի և համակարգի կառավարման արդիականացում։
Վաչե Տերտերյանը ՀԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվել է շարունակել քննարկումները՝ ծրագրի բաղադրիչների առաջնահերթությունները որոշելու ուղղությամբ։