Ֆրանսիան միանում է մի շարք եվրոպական երկրների՝ դպրոցներում սմարթֆոնների դեմ պայքարին, գրում է Euronews-ը: Երկրի կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ներկա է եղել Փարիզի մերձակայքում գտնվող դպրոցի առաջին դասին: Դպրոցը, Ֆրանսիայի մոտ երկու հարյուր կրթական հաստատությունների հետ այս տարի ներդրել է «թվային փոփոխություն» ծրագիրը: Այսպես են անվանում աշակերտների՝ բջջային հեռախոսներից օգտվելու փորձնական արգելքը, ընդ որում՝ ոչ միայն դասերին, այլև՝ դասամիջոցներին:
Գաղափարի հեղինակները պնդում են, որ դա ոչ միայն կօգնի աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել դասերի վրա, այլև կնվազեցնի կիբեռհարձակման հավանականությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ դպրոցականները, համենայնդեպս, արտաքուստ, պաշտպանում են մեծահասակների փաստարկները։
Եթե փորձը հաջողված համարվի, ֆրանսիական բոլոր դպրոցներում բջջային հեռախոսների ամբողջական արգելք կսահմանվի արդեն հունվարից։