Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լվովին: Իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորների թիվը հասել է 38-ի, նրանց թվում կան նաև երեխաներ, 11-ի վիճակը ծանր է։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հարձակումից վնասվել են երկու բժշկական հաստատություն, երկու դպրոց և ավելի քան 50 շենք։ Նա պարզաբանել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր և «Կինժալ» գերձայնային հրթիռներ։
Բացի Լվովից, գիշերը հարձակման է ենթարկվել Կրիվոյ Ռոգը, որտեղ վիրավորվել է հինգ մարդ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին Ուկրաինային տրամադրել հեռահար զենք՝ «ահաբեկչությանն արդարացի պատասխան տալու համար»:Ռուսաստանը չի մեկնաբանել Լվովին հասցված հարվածը։