Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի խորհրդարանի նիստում քննարկվել է կառավարության անդամների պաշտոնանկությունների հարցը, իսկ սեպտեմբերի 5-ին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, կլսեն նշանակումների հարցը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը կթարմացվի ավելի քան 50 տոկոսով։
Ուկրաինայի խորհրդարանի նիստն ավարտվել է, և հայտնի է դարձել, որ Ռադան հավանություն չի տվել փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականին։ Նախարարի աշխատանքի վերաբերյալ որևէ զեկույց չի եղել, հրաժարականն էլ պաշտպանել է 214 պատգամավոր, անհրաժեշտ 226-ի փոխարեն։
Ավելի վաղ խորհրդարանը հրաժարվել էր հաստատել Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալի հրաժարականը։ Մեկ ձայն չի բավարարել որոշում կայացնելու համար:
Միաժամանակ Գերագույն ռադան պաշտպանել է ռազմավարական արդյունաբերության նախարարի պաշտոնից Ալեքսանդր Կամիշինի, արդարադատության նախարարության ղեկավար Դենիս Մալյուսկայի, էկոլոգիայի նախարարության ղեկավար Ռուսլան Ստրելեցի, Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի հրաժարականները:
Ուկրաինացի խորհրդարանականները հայտնել են, որ Դմիտրո Կուլեբայի՝ ԱԳՆ ղեկավարի պաշտոնից հրաժարականի քննարկումը կկայանա սեպտեմբերի 5-ին: Ըստ Bloomberg-ի աղբյուրի՝ Կուլեբան, որը «սերտորեն համագործակցել է Միացյալ Նահանգների հետ», այժմ մտադիր է կենտրոնանալ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների ամրապնդման վրա։