Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հրաժարական է տվել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
Կուլեբան նախարար է 2020 թվականի մարտից։ Ուկրաինական ԶԼՄ-ները նրան փոխարինելու ամենահավանական թեկնածու են անվանել առաջին տեղակալին՝ Անդրեյ Սիբիգային։ Վերջինը դիվանագիտական ծառայության մեջ է 1997 թ.-ից, եղել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպանորդ-խորհրդական, Թուրքիայում դեսպան: 2021 թվականի մայիսից մինչև 2024 թվականի ապրիլը եղել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տեղակալը, այս պաշտոնում ղեկավարել է արտաքին քաղաքականության հարցերը և ռազմավարական գործընկերության զարգացումը։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ արտգործնախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, որ պատասխանատու է արտաքին քաղաքականության համար։
Նախօրեին «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել էր, որ սեպտեմբերի 4-ին Ուկրաինային սպասում է «աշխատանքից ազատումների օր»: «Կառավարության մեծ վերաբեռնման» շրջանակում նախատեսված է Ուկրաինայի կառավարության կազմի կեսի հրաժարականը։ Սեպտեմբերի 3-ին իրենց պաշտոնները լքել է հինգ նախարար՝ Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, փոխվարչապետ, Ուկրաինայի «Ժամանակավորապես օկուպացված» տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշը, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը։