ԱՄՆ իշխանությունները քրեական մեղադրանքներ են ներկայացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման ևս հինգ ղեկավարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար, գրում է BBC-ն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի վեց առաջնորդ մեղադրվում է ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար։
Մեղադրական եզրակացությունը վերաբերում է ոչ միայն անցյալ աշնանն Իսրայելի հարավում տեղի ունեցած զանգվածային հարձակմանը, այլև բազմաթիվ հարձակումներին, որոնք ՀԱՄԱՍ-ն իրականացրել է տասնամյակների ընթացքում:
BBC-ն միաժամանակ նշել է, որ պաղեստինյան կազմակերպության առաջնորդներին ներկայացված մեղադրանքը հիմնականում խորհրդանշական քայլ է: ԱՄՆ արդարադատության նախարարությունն իր հայտարարության մեջ ընդունում է, որ մեղադրյալներից մի քանիսն արդեն մահացել են, իսկ մյուսները հետախուզման մեջ են։
Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայիս առաջնորդ Յահյա Սինվարը թաքնվում է Գազայի հատվածի թունելներից մեկում: