Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք ձեռք չբերել, սպառազինություն ձեռք չբերել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Բաքվի կողմից ապառազմականացման մասով պահանջ դրվի՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառելու համար:
«Հայաստանի Կառավարությունը շատ հստակ առաջարկություն է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել:
Պետք է հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանը ևս զինվում է: Այսինքն՝ եթե այդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ է՛լ ավելի կա այդ մտահոգությունը, և այստեղ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի: Բայց դրանից՝ մեխանիզմն անպատասխան է մնում»,- ասաց Խանդանյանը:
Հարցին՝ կարո՞ղ է ապառազմականացման հարցը լինի պատճառ, որ չստորագրվի խաղաղության պայմանագիրը, Խանդանյանը պատասխանեց. «Պայմանագրի բուն թեմայի քննարկումների ժամանակ նման հարց չի քննարկվել»: