ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շրջանակում ադրբեջանական կողմի դիտարկմանը, թե եվրադիտորդները պետք է հեռանան ՀՀ-ից:
«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի այստեղ Հայաստանն ու ԵՄ-ն պիտի որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները:
Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը, և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիթորինգի անհրաժեշտություն այլևս չկա: Բայց այս պահին նման հարցը չի քննարկվում»,- ասաց նա: