Պայմանավորված ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպքերի տարածմամբ՝ Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։
Հանդիպմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Արարատ» մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքապետարաններից ոլորտային պատասխանատուներ ու այլք։
Խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ-ում հիվանդության վիճակագրությունը, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Հաշվի առնելով փաստը, որ վարակը փոխանցվում է մոծակների միջոցով՝ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է իրականացնել առկա տնտեսական նշանակություն չունեցող ջրականգերի չորացման, ինչպես նաև՝ միջատների բազմացման վայրերում հիդրոտեխնիկական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ), բնակելի և հասարակական շինություններում, դրանց հարակից տարածքներում հոդվածոտանիների բազմացման և տարածման կանխարգելման նպատակով ապահովել դրանց ներքնահարկերում, հարակից տարածքներում աղբի կանոնավոր հավաքումը և հեռացումը:
Հանձնարարվել է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել միջատասպան և միջատապաշտպան միջոցառումների կազմակերպումը:
Խորհրդակցությանն ընդգծվել է համատեղ ու կանոնակարգված աշխատանքը համապատասխան կառույցների հետ՝ երկրում հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։
Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վարակված կուլեքս ցեղի մոծակների, մլակների, իքսոդային և գամազային տզերի միջոցով։
Հիվանդության գաղտնի շրջանը 3-14 օր է, վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշաններ չեն զարգանում, մասնահատուկ բուժում չունի:
Կլինիկական ախտանշանները ներառում են՝ գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտ, ինչպես նաև հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թուլացած կաթված կամ կենտրոնական կամ ծայրամասային նյարդաբանական դիսֆունկցիայի այլ սուր նշաններ: