ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 4-ին այցելել է հերթական ռազմարդյունաբերական ընկերություն, որը զբաղվում է անօդաչու թռչող համակարգերի մշակմամբ և արտադրությամբ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Ընկերության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ընկերության արտադրանքին և ծառայություններին, հեռանկարային ծրագրերին։
Ներկայացված արտադրատեսականին ներառում է ԱԹՍ-ների և բաղկացուցիչ մասերի մշակում, ԱԹՍ-ների արտադրություն և սպասարկում, ԱԹՍ ներկառավարման համակարգերի մշակում, ծրագրային ապահովում, մետաղական դետալների, կոմպոզիտային նյութերի մշակում։ Ընկերության ղեկավարը, ներկայացնելով սարքերը, ընդգծել է, որ տեխնոլոգիաներից որոշներն աշխատում են մեքենայական ուսուցման ներդրմամբ՝ հնարավորություն տալով շուկայում պահել եզակիությունը՝ ապահովելով օգտագործման լայն հնարավորություններ:
Նախարար Հայրապետյանն ընդգծել է ռազմական տեխնիկայի սեփական արտադրություն ունենալու կարևորությունը, դրանցում նորագույն տեխնոլոգիաների ներդնումը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է ոլորտի հանդեպ պետության առանձնահատուկ ուշադրությունը և հայտնել պատրաստակամություն ինչպես իրավիճակային օպերատիվ քայլերի, այնպես էլ համակարգային լուծումներով առկա մարտահրավերները հաղթահարելու և ոլորտային զարգացում ապահովելու նպատակով:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ խնդիրներն արդյունավետ ճանապարհով լուծելու և համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: