Երեքշաբթի դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ Նյու Յորք նահանգից «Լռության դիմաց փողերի» գործը դաշնային դատարան տեղափոխելու մասին, հայտնում է CNN-ը:
Գործը վերաբերում է գործարար փաստաթղթերի կեղծման մեղադրանքներին՝ կապված երկու կանանց, այդ թվում՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար: Մանհեթենի դատարանում դատավճիռը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ նախագահի ընտրությունից մեկուկես ամիս առաջ։
«Շարունակվող դատավարությունն ուղղակի և անուղղելի վնաս կհասցնի նախագահ Թրամփին՝ 2024 թվականի նախագահի ընտրության առաջատար թեկնածուին, և Մանհեթենի սահմաններից դուրս գտնվող ընտրողներին»,- պարբերականը մեջբերել է Թրամփի փաստաբանների միջնորդությունը։
Անցյալ շաբաթ նախկին նախագահի փաստաբանները փորձել են նահանգային գործը հանձնել դաշնային դատարան՝ վկայակոչելով Գերագույն դատարանի որոշումը, որն անձեռնմխելիություն էր ապահովում Թրամփին որոշ գործողությունների համար, որոնք նրա պաշտոնական լիազորությունների մաս էին կազմում: Փաստաբանները նաև դատավորին կոչ էին արել հետաձգել սեպտեմբերի 18-ին Թրամփի դատավճռի կայացումը, ինչը մերժվել է:
Նախկին նախագահը նաև պնդել է, որ գործը դաշնային դատարան տեղափոխվի, քանի որ ըստ նրա՝ դատավոր Խուան Մերչանը, որը նախագահում է դատավարությունը, կողմնակալ է իր նկատմամբ:
Մայիսի վերջին երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր էին ճանաչել առաջադրված մեղադրանքի բոլոր 34 կետերով, որոնցից յուրաքանչյուրի համար, ըստ օրենքի, նախատեսված է մինչև չորս տարվա ազատազրկում: Սպիտակ տան նախկին ղեկավարը մշտապես պնդել է իր անմեղությունը՝ անհիմն համարելով դատական հետապնդումը։