Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարևորվել է Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունն ի շահ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։
Պաշտպանը նշել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին, բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության խնդիրներին, իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկային փոփոխություններին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Ի թիվս այլնի, զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավոր ուղղություններին և համատեղ միջոցառումների իրականացմանը։
Իր հերթին, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։