«Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կօժանդակի ԱՊՀ երկրներին օգտագործել իրենց ծառայությունների ոլորտների համեմատական առավելությունները, զարգացնել տնտեսական ինտեգրումը և խթանել կայուն տնտեսական աճը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի խոսքով՝ համաձայնագիրը բխում է «Ազատ առևտրի գոտու մասին» դեռևս 2011 թվականին ստորագրված պայմանագրից: «Այս համաձայնագրով մենք ընդլայնում ենք այդ պայմանագրի շրջանակը և այն տարածում նաև ծառայությունների վրա»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է զեկուցողը և հավելել, որ փաստաթղթի վավերացումը կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձևաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը:
Համաձայնագրով նաև կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ընկերությունների ստեղծման և գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը:
Սևակ Միքայելյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրի հավելվածներով կարգավորվում են նաև ֆինանսական, հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առևտրի առանձնահատկությունները:
Նշվել է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեի գնահատականների համաձայն` կանխատեսվում է, որ համաձայնագրի կիրարկումն ԱՊՀ տարածքում ծառայությունների առևտուրը կավելացնի 25 տոկոսով:
««Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: