Սեպտեմբերի 3-ին Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԱԳ նախարարությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և ՀՀ պետական գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ներկայացրել են ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները, դրանց նպատակները և առկա խնդիրները:
Քննարկումների ընթացքում դիտարկվել են համագործակցության հեռանկարները և Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի կողմից աջակցության հնարավորությունները՝ միտված պետական կառավարման մարմինների ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման ոլորտում կարողությունների զարգացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության խորացման նպատակով: