«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքում նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաներն իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Սակայն նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը լրացուցիչ պայմաններ են սահմանում անգործունակ ճանաչված անձի և երեխայի համար, առանց տարիքային հստակեցման: ՀՀ օրենսդրությամբ երեխա է համարվում մինչև 18 տարեկան անձը, սակայն նույն օրենսդրությամբ 16 տարին լրացած անձը բազմաթիվ իրավասություններ ունի աշխատանքային հարաբերությունների, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինքնուրույն ապրելու, զինվորական հաշվառման անցնելու, առանձին դեպքերում ամուսնանալու հարցում:
Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձին (պացիենտին) իրավունք տալ մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ Կառավարությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկ, որն ընդունվել է:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում: