Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Ադրբեջանը պետք է արձագանքի պաշտոնապես պատասխան առաջարկներով: Բայց նաև պետք է հաշվի առնենք, որ գրեթե ամեն ինչ, ինչ Հայաստանն ուղարկել է, արդեն համաձայնեցված է, և այստեղ քաղաքական կամքի հարց է Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին և Հայաստանի ուղարկած վերջին առաջարկներին:
«Առանցքային մասը խաղաղության պայմանագրի, էական մասը, ճնշող մեծամասնությունը հոդվածների համաձայնեցված են: Նաև բովանդակային առումով դրանք շատ կարևոր են, այսինքն՝ հնարավոր է այդպիսով ունենալ խաղաղության պայմանագիր և ստորագրել»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը: