Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այդ մասին հայտարարել է Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Անկարան մտադիր է միանալ BRICS-ին։
Պետեր Ստանոն շեշտել է՝ ակնկալում են, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքական կուրսը ԵՄ քաղաքականությանը: Նա հիշեցրել է՝ ԵՄ-ն և Թուրքիան առևտրային շատ լավ հարաբերություններ ունեն:
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Անկարան հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ տեղեկացրել է, որ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Մոսկվայի հրավերը՝ մասնակցելու Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է ուժեղ և բարգավաճ երկիր դառնալ՝ զարգացնելով հարաբերությունները Արևմուտքի և Արևելքի հետ: Նա համոզմունք էր հայտնել, որ Անկարան չպետք է ընտրություն կատարի, օրինակ, ԵՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև, փոխարենը կարող է ամրապնդել շփումները երկու կառույցի հետ էլ: