Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Բահրուզ Սամեդովին և Ադրբեջանի կառավարության մյուս քննադատներին, որոնք ենթարկվել են հետապնդումների:
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ ընտրության ֆոնին կազմակերպությունը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և ակտիվիստների հետապնդումների մասին:
«Նոր տագնապալի ձերբակալությունները չպետք է անուշադրության մատնվեն։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի դա ամենավճռական ձևով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու նշանավոր գործիչներ ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով, իսկ մյուսները ենթարկվել են սպառնալիքների և հետապնդումների», - հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։
Նրա խոսքով՝ լրագրողների և ակտիվիստների հետապնդումը ոչ այլ ինչ է, քան այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին:
«Մինչ Ադրբեջանը պատրաստվում է այս տարվա նոյեմբերին ընդունել COP-29-ը, չափազանց կարևոր է, որ համաշխարհային առաջնորդներն այդ երկրի կառավարությանը պատասխանատվության ենթարկեն մարդու իրավունքների շարունակական խախտումների համար: Կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին», - ընդգծել է Amnesty International-ի ներկայացուցիչը։