Ռուսաստանի նախագահը Մոնղոլիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ռազմական եղբայրությունը, բարիդրացիության և փոխօգնության ավանդույթները կշարունակեն որպես ամուր հիմք ծառայել ռուս-մոնղոլական բարեկամական հարաբերությունների համար։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ուխնագիյն Խուրելսուխի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական, հումանիտար, առևտրի, ներդրումների, էներգետիկ ոլորտներում գործակցության հետ կապված հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային ամենահրատապ խնդիրների շուրջ:
Կրեմլի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան գազատարի նախագիծն այժմ պետական փորձաքննության փուլում է: Պուտինը հավելել է, որ ռուսական կողմը բաց է նաև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրային վճարումներն արդեն գրեթե ամբողջությամբ իրականացվում են դոլարին և եվրոյին այլընտրանքային արժույթներով։ «Արտահանման-ներմուծման փոխադարձ գործարքների հետագա աճին կնպաստի Մոնղոլիա-ԵԱՏՄ սերտ կապերի հաստատումը», - հավելել է նախագահը:
Նրա խոսքով՝ օրակարգում է եղել նաև ռազմատեխնիկական և հակաահաբեկչական գործակցության հարցը, ինչը, ըստ Պուտինի, նպաստում է Ասիայում անվտանգությանը։
Երկու երկրի նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք երկկողմ պայմանագրեր են կնքվել։