Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Հանդիպման պաշտոնական մասի մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի համար։ Ռուսաստանի նախագահը Խուրելսուխին հրավիրել է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS երկրների գագաթնաժողովին: Մոնոլիայի նախագահն ընդունել է հրավերը։
Պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Հիշեցնենք, որ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի անդամ, սակայն Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան մտահոգված չէ Պուտինի այցով, քանի որ երկու երկրների միջև գոյություն ունի հրաշալի երկխոսություն։