Իսրայելի իշխանությունները ամոթալի և սխալ են համարում Մեծ Բրիտանիայի՝ իսրայելական կողմին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը:
«ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի վեց պատանդների՝ մահապատժի ենթարկվելուց մի քանի օր անց Միացյալ Թագավորության կառավարությունը կասեցրեց Իսրայելի համար զենքի 30 լիցենզիան: Այդ խայտառակ որոշումը չի փոխի Իսրայելի վճռականությունը՝ հաղթելու ՀԱՄԱՍ-ին՝ ցեղասպանություն իրականացնող ահաբեկչական կազմակերպությանը, որը դաժանորեն սպանեց 1200 մարդու, ներառյալ՝ Բրիտանիայի 14 քաղաքացու» ,- ասված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լոնդոնը հայտարարել էր, որ կկասեցնի Իսրայել զենքի արտահանման 350 արտոնագրից 30-ը: Reuters-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին մտահոգություն է հայտնել, որ բրիտանական որոշ մատակարարումներ կարող են օգտագործվել միջազգային իրավունքի լուրջ խախտումներ կատարելու համար: