Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Չու Դոնգյուի այցն ավելի կխորացնի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև համագործակցությունը: «Հայաստանը բարձր է գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը և մենք հանձնառու ենք ընդլայնելու մեր գործընկերությունը կայուն զարգացման առանցքային ոլորտներում»,- ասել է Հանրապետության նախագահը՝ նշելով, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ գյուղատնտեսությանը, գյուղատնտեսության թվայնացմանը և էկոլոգիապես կայուն արտադրանքի մշակմանը:
Չու Դոնգյուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ են ջանքեր գործադրել՝ առավել ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ: Չու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։
Կողմերը մեծապես կարևորել են գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության տարբեր ուղղություններում։
Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը, որը միտված է ներդրումների ու տնտեսական զարգացման համար պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծմանը։