Ի՞նչ կերպ կարող են թվային լուծումները ու նորագույն տեխնոլոգիաները հեշտացնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կյանքը․ Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի երկրորդ օրն այս թեմայով է մեկնարկել։ Այդ մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:
Համաժողովը ցույց տվեց, որ մենք զարգացել ու կրթվել ենք նախ մեր կարիքներն արտահայտելու մեջ՝ ընդգծել է ԱՍՀ նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Խնդիրները ամենուր են, բոլոր երկրներում կան այդ խնդիրները՝ հատկապես խոցելի խմբերի հետ կապված, մեկ այլ հարց է խնդիրներից բողոքելը, որը ևս ընդունելի է, ենթադրում է վարչարարություն, մենք տասնյակ հազար հարցեր ենք ստանում ամեն ամիս և պատասխանում։ Բայց նաև շատ կարևոր է խնդիրը կրողի կողմից գրագետ հասկանալ ու հասցեագրել պահանջները։ Հիմա այստեղ մեկ ուրիշ դիլեմա էլ կա, կասեք պետական մարմիններ են, թող հետազոտեն, հասկանան խնդիրները, լուծումներ առաջարկեն։ Չի կարող այդպես լինել, հատկապես խոցելի խմբերի ծառայությունների մասով, սա պետք է լինի մասնակցային, որովհետև ես իմ տեղում նստած երբեք չեմ կարող պատկերացնել, թե ինչի կարիք ունի որևէ խնդրով առողջական մարդը` ինքս չլինելով այդ խնդրի կրողը»,- իր խոսքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները խոսել են օրենսդրական բացերի, փոփոխությունների անհրաժեշտության, կրթական բարեփոխումների հարցերի մասին՝ ընդգծելով, որ պետք է ճիշտ կրթություն տալ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձին, այլ նաև իր ծնողին։ Կատարի և ԱՄԷ-ի ներկայացուցիչներն այս հարցում կարևորել են նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչը մի քանի անգամ հեշտացնում է խնդիրներ ունեցող անձանց կյանքը, բարձրացնում կյանքի որակը։ Պանելային մեկ այլ քննարկման առանցքում ծառայությունների ոլորտն էր։ Բանախոսները կարծում են, որ պետությունը պատվիրակելուց զատ պետք է համակարգելու և վերահսկելու գործիքակազմ ունենա, ծախսերը պետք է արդյունավետ իրականացվեն, մրցակցային պայմանները պետք է ապահովված լինեն, կիրառվեն ֆինանսական գործիքներ։
Միջազգային համաժողովը նախաձեռնել է «Իմ Քայլը» հիմնադրամը՝ գործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Համաժողովը կազմակերպելու հարցում Հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ: