Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվի ձեռնարկատիրական գործունեությունից կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում ներկայիս 20000 դրամ պետական տուրք վճարելով բազմամիլիոնանոց գործարքների սառեցման հնարավորությունը, քանի որ նման դեպքում կգանձվի պայմանագրի գնի 3%-ի չափով տուրք:
Կհստակեցվեն ակնհայտ անհիմն հայցերի սահմանումները և նման պահանջներով հայցադիմումները դատարանը հնարավորություն կունենա մերժել հենց սկզբից՝ ստիպված չլինելով վարույթ ընդունել դրանք և թեկուզ արագացված կարգով մերժման վճիռ կայացնել:
Առաջարկվում է վերացնել պարզեցված վարույթների համար նախատեսված նվազ պետական տուրք վճարելու արտոնյալ կարգավորումը: Հավասարեցվում և հստակեցվում են աճողական տուրքերը դրամական պարտավորություններ առաջադրող բոլոր վարչական ակտերի նկատմամբ՝ բացառելու համար դատարանների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը:
Օրենքի նախագծին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն, այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: