Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը. ներկայացնելով ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հայտնում են ԱԺ-ից:
Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է օրենքի մի շարք դրույթներ ճանաչել ուժը կորցրած, որոշ հոդվածներ լրացնել նոր հասկացություններով կամ նոր խմբագրմամբ:
Մասնավորապես, որոշ փոփոխություններ վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:
Ըստ նախագծի՝ աշխարհում և Հայաստանում, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:
Առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:
Առաջարկվում է նաև օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով, ինչը խնդրահարույց է համարել հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
Պատգամավորներն առաջարկել են հստակեցնել նախագծում տեղ գտած որոշ ձևակերպումներ, որոնցից էր, օրինակ, «ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ» ձևակերպումը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ դրական գնահատելով այն: Նա պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը, որը հստակեցնելու վերաբերյալ առաջարկ էր հնչել, արդեն իսկ սահմանված է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքով:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծն արժանացել է գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում և դրական եզրակացություն ստացել:
Նախագիծը կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: