Վերջին շրջանում թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:
Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և այլք:
Քննարկման ընթացքում պատգամավորները մանրամասն ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Կառավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համաձայն 2016-2027 թվականների իր ծրագրի՝ ՀԷՑ-ը ծավալային առումով կատարում է իր ներդրումները. շեղումները պայմանավորված են նոր սպառողների ավելացմամբ:
Քննարկման մասնակիցները փաստել են, որ նմանատիպ խնդիրների մեր քաղաքացիները բախվում են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ընթացքում:
Ըստ Վահե Ղալումյանի՝ հարցի վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական: