«Երիտասարդական խորհրդարանը» հրավիրել է իր անդրանիկ նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նիստի օրակարգում էին 3 օրենսդրական նախաձեռնություններ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Լաուրա Թորոսյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններում հավասար կրթության հնարավորությանը:
««Լեզվի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն իրենից ենթադրում է հայերենի տարածմանն ու պահպանմանն ուղղված ծրագիր՝ սփյուռքում հայագիտության պահպանությանը, քննարկման է ներկայացրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աշոտ Հայրապետյանը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Արփի Շահնազարյանը գործընկերների դատին է ներկայացրել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նրա՝ առաջարկվում է արտադրել հատուկ ֆիլտրեր՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող ռեստորանների և հյուրանոցների համար, որոնց գործարկումը հնարավորություն կտա ֆիլտրել Սևանա լիճ թափվող ջուրը:
Երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանն ու քվեարկությանը մասնակցել են նաև 2024 թվականի «Ամառային դպրոց» ծրագրի աշակերտները:
«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձևավորված հանձնաժողովների անդամների քվեարկությամբ ընդունվել է միայն «Ուսանողական վարկերի մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացվի արդեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նիստի ավարտից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ողջունել է մասնակիցներին և հույս հայտնել, որ այսպիսի ծրագրերը կլինեն շարունակական:
Պիլոտային ծրագրի իրականացնողների կողմից երիտասարդներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր:
«Երիտասարդական խորհրդարանն» իրականացվում է ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի հետ համատեղ: Վերջինս ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից: