Մենք առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով, այս պահի դրությամբ գոնե որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը՝ նախևառաջ հանրությանը հասանելի դարձնելու եղանակով: Այսինքն՝ քաղաքացին չպետք է մամուլից տեղեկանա, որ իր բակում գտնվող մանկապարտեզը, դպրոցը կամ սպորտդպրոցն օտարվում է և տեղում կառուցվելու է մեկ այլ քաղաքացու առանձնատուն կամ բիզնես կենտրոն: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնության նպատակն է ապահովել պետության և հասարակության համար մշակութային, պատմական, գեղարվեստական, գեղագիտական կամ այլ արժեքավոր նշանակություն ունեցող որոշ խումբ գույքերի՝ այլ նպատակներով օգտագործման, տիրապետման դեպքերի նվազեցումը:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով հատկապես վերջին շրջանում մամուլի հրապարակումներից հայտնի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակություն ունեցող գույքերը՝ մարզադաշտեր, նախկինում պետական այլ կառույցներ, անկախացումից՝ 1991 թվականից հետո, այս կամ այն օրինական կամ անօրինական ճանապարհով անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ: Դրանց ավելի քան 80 տոկոսն արդեն օտարվել է, փոխարենը կառուցվել են այլ շենք-շինություններ կամ էլ գտնվում են անմխիթար վիճակում:
«Ունենք նախնական տեղեկություններ, որ որոշ դեպքերում այդ գույքերը նույնպես գնում են մասնավորեցման և օտարման»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի տեղեկացմամբ երկրում նման ավելի քան 27.000 գույք կա, որոնք իրավաբանական կամ հասարակական կազմակերպությունների կողմից մասնավորեցվել են:
Նշվել է, որ բոլոր դեպքերով իրականացվում են ուսումնասիրություններ: Ընդհուպ մինչև 1947 թվականի փաստաթղթերն են ուսումնասիրվում, և երբ առաջանում է կասկած, որ պետության սեփականությունը ոչ իրավաչափ եղանակով է անցել իրավաբանական անձանց, ապա գրավոր դիմում է ներկայացվում Գլխավոր դատախազությանը, որն ուսումնասիրելուց հետո և հիմքերի առկայության դեպքում հայցեր է ներկայացնում դատարաններ: Վերջնական նպատակը գույքերի վերադարձն է պետությանը:
Գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով հայցեր է ներկայացրել դատարաններ, որպեսզի այդ գույքերը կրկին անցնեն ՀՀ սեփականությանը:
Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:
Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ նախագիծը որոշ լրամշակումների կարիք ունի:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: