ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են մի շարք խմբագրական և տեխնիկական փոփոխություններ:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը նշել է, որ նախագծի ընդունումը կարևոր է պետական բյուջեի բեռը թեթևացնելու տեսանկյունից: Ըստ նրա՝ բազմաթիվ հետազոտություների արդյունքում պարզ է դարձել, որ «ՀայՓոստով» կատարված թղթային առաքանիներն անարդյունավետ են, քանի որ լինում են դեպքեր, երբ ընտրողին ծրարը չի հասնում: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Հարցը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Շուրջ 74 համայնքներում և բնակավայրերում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման ավտոմատացված գրասենյակներ՝ ժամանակակից տեխնիկական և ծրագրային ապահովմամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում Կառավարությունն առաջարկում է օգտագործել առկա հնարավորությունները պետական մի շարք ծառայություններ այդ գրասենյակների միջոցով բնակչությանը հասանելի դարձնելու համար:
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ Կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանել էր գրասենյակների և ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը: Դրանց շարքն ընդլայնվել է, և համայնքների անվանումները հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել (հաշվի առնելով իրականացված վարչատարածքային բարեփոխումները): Կարիք կա ավելացնելու նաև պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում ներկայացվել են միայն խմբագրական առաջարկներ: Կարգավորումները՝ հղմամբ:
Քվեարկության արդյունքում ներկայացված առաջարկներն ընդունվել են, իսկ նախագծի քվեարկությունը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է՝ լրամշակման նպատակով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում բացառել վաղ ամուսնությունները:
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ընդգծելով օրենսդրական փաթեթի կարևորությունը, տեղեկացրել է, որ Կառավարությունը կողմ է պատգամավորական նախաձեռնությանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հարցուպատասխանի ու ելույթների ձևաչափում պատգամավորները խոսել են անչափահասների ամուսնությունները կանխելու նպատակով որոշակի խստացումների սահմանման նպատակահարմարության, այդ երևույթի իրավական գնահատականի կարևորության, կրթական հաստատություններում դեռահասների շրջանում վաղ ամուսնության բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկման և ոլորտի այլ խնդիրների մասին:
Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումները: