Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում ամռանը իրականացվել է 24 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 353 մասնակից: Ամռան ամիսներին գրանցվել է 311 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 9987: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մարզային գրադարանում իրականացվել են ամառային դպրոց 6-12 տարեկան երեխաների համար և մանկական կրթաժամանցային ծրագիր՝ 4-6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև վարպետաց դասեր, բակային ընթերցանություններ, տարաբնույթ ժամանցային ծրագրեր:
«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում «Իմ ամառը գրադարանում» խորագրի ներքո երեխաներն ուսումնասիրել են պատմություն, մշակույթ, արվեստ: Ամառային դպրոցի սաներին ուսուցանվել է տիկնիկագործություն, երեխաները պարբերաբար մասնակցել են գրադարանի գրքերի վերանորոգմանը, Շոկոլադի միջազգային օրը պատրաստել են կոնֆետներ:
Գրադարանում կազմակերպվել են հանդիպումներ ժամանակակից գրողներ և հրապարակախոսներ Հուսիկ Արայի, Հովհաննես Ներզեթյանի և Հովհաննես Պապիկյանի, ինչպես նաև Արագածոտնի մարզի ստեղծագործողների հետ: