ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացված՝ ՀՀ 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
«Հետաքրքիր քննարկումներ են ծավալվել պետական պարտատոմսերի թողարկման, հարկերի հավաքագրման և մի շարք այլ արդի թեմաների շուրջ: Քննարկումների ընթացքում անդրադարձ եմ կատարել նախկին այն գործելաոճին, երբ պլանավորվում էր փոքր եկամուտ, և այդ պլանը գերակատարվում էր շահարկումներից և ավելորդ ռիսկերից խուսափելու համար: Եվս մեկ անգամ նշել եմ, որ Կառավարությունը բյուջեի հիմքում դնում է սցենարային վերլուծություններ ու գնահատելով սցենարների նյութականանալու հնարավոր ռիսկերը՝ նախատեսում է ֆիսկալ բուֆերներ. 2024 թվականի համար այդպիսի բուֆեր էր 134 մլրդ աննախադեպ մեծության պահուստային ֆոնդը: Կարևորել եմ այն փաստը, որ հարկերի պլանից շեղման պատճառով ստեղծվում է արհեստական խուճապ, որը նպատակ ունի ստիպելու կանխատեսողներին վերադառնալ հին աշխատելաոճին, ինչը ենթադրում է ցածր եկամուտի կանխատեսում և մշակած պլանի գերակատարում: Բայց որքանո՞վ դա կլինի արդյունավետ կամ կառուցողական: Մի՞թե արժե զոհաբերել առողջ իրատեսությունը հանուն գերակատարման պատրանքի: Իսկ դու՞ք ինչ եք կարծում»,- գրել է նա: