Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների և երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։ Ընդգծվել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Հանդիպմանը հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու` ուղղված կառուցողական երկխոսության և փոխըմբռնման հիման վրա հայ-ղազախական փոխգործակցության հետագա ամրապնդմանը: