Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներով, CNN-ին ասել է իսրայելցի պաշտոնյան։
Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի և Երուսաղեմի փողոցներ՝ պահանջելով ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնություն ձեռք բերել պատանդներին ազատելու համար, երբ Գազայի հատվածում հայտնաբերվել է նրանցից վեցի դին, գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Ընդհանուր առմամբ, Իսրայելում ցույցերին մասնակցել է մոտ 700 հազար մարդ։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երկուշաբթի վերադառնալու են՝ կառավարության աշխատանքը խափանելու համար:
Histadrut ազգային արհմիութենական կենտրոնը, որը ներկայացնում է Իսրայելի արհմիությունների մեծ մասը, երկուշաբթի ամբողջ երկրում զանգվածային գործադուլի կոչ է արել։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը դիմել է երկրի գլխավոր դատախազին՝ խնդրելով անհապաղ դատական արգելքներ ընդունել, որպեսզի կանխվի երկուշաբթի նախատեսված համազգային գործադուլը: Գլխավոր դատախազին ուղղված նամակում նախարարը պնդել է, որ գործադուլը պատերազմի ժամանակ վնաս կհասցնի տնտեսությանը և վտանգավոր նախադեպ կստեղծի: Գլխավոր դատախազությունը դեռ չի մեկնաբանել հարցումը:
The Times of Israel-ը նշել է, որ ներկայիս բողոքի ցույցերը կարող են լինել ամենամեծը՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայում մարտերն սկսվելուց ի վեր։