Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայությունների ոլորտում գործող նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
Սեպտեմբերի 2-ի դրությամբ էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի պարզեցված ընթացակարգով արդեն իսկ գրանցվել է հարկային մարմնում։ Էլեկտրոնային հարթակների միջոցով՝ կանխիկ և անկանխիկ գործարքներով, վերջին տվյալներով 10 հազար վարորդի կողմից գեներացվել է շուրջ 150 հազար էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։
Տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդների համար ՊԵԿ-ը մշակել է My tax բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար և այն ներբեռնելիս պետք է փնտրել My tax Armenia անվանումով։ Հավելվածը բավականին պարզ է և հեշտ կիրառելի։ iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածն արդեն հասանելի է Apple App Store-ում, իսկ Android-ի համար հավելվածը գտնվում է հաստատման փուլում։