Սեպտեմբերի 2-4-ը Հայաստանում անց է կացվում Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում է 27 երկրի ներկայացուցիչ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել աշխատաժողովի բացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնը, Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի ներկայացուցիչ (IPPC) Արթուր Շամիլովը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է բույսերի և բուսական ապրանքների վնասատուներին հսկելու, նրանց միջազգային տարածումը և հատկապես վարակազերծ տարածքներ նրանց ներթափանցումը կանխարգելելու ոլորտում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։
«Բուսասանիտարական վիճակի ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի պարենային ապահովության և անվտանգության տեսանկյունից։ Կենսականորեն կարևոր սննդամթերքների տեղական արտադրության զարգացման և պետական պարենային պահուստի ծավալների ապահովման համար կարևոր է առողջ, որակյալ և բարձր բերքի ստացումը»,- նշել է նախարարը։
Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը տարածաշրջանային աշխատաժողովը Երևանում անցկացնելու համար՝ նախարարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք։
Հայաստանի Հանրապետությունը Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիային անդամակցում է 2006 թվականից։