ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները:
Հարցը հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Համաձայնագրի դրույթներն ուղղված են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակում ապրանքների ծագման որոշման և հաստատման հարցում անդամ պետությունների մոտեցումների միասնականացմանը, երրորդ երկրների շուկաներ մուտքի դյուրացմանը՝ ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար: Համաձայնագրի նպատակն անդամ պետությունների արտահանողների հետ փոխգործակցության և ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով լիազորված կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցումն է, Միությունում ապրանքների ծագման ինքնահայտարարագրման համակարգի ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումը, ապրանքների ծագման մասին տեղեկությունների կեղծման համար անձանց պատասխանատվության սահմանումը: Անդամ պետություններից սահմանվում են երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, ինչպես նաև արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ:
Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է հատուկ կանոններ սահմանելու լիազորություն:
Հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: