Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:
Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ հիվանդանոցային ահազանգից մոտ կես ժամ առաջ. նրա կրծքին ու պարանոցին դանակի հարվածներ էր հասցրել մի երիտասարդ, որի միայն անունն էր հայտնի:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դանակահարողը 29-ամյա երիտասարդ է՝ հաշվառված նույն գյուղի նույն փողոցում: Նրան հայտնաբերելու հարցում օգնության եկան քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները: Նույն օրը՝ ժամը 17:30-ին, 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Երևանի Տիտոգրադյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց նախաքննական մարմին:
Հանցագործության գործիք կենցաղային դանակը հայտնաբերվել է:
Դատարանի որոշմամբ դանակահարողը կալանավորվել է:
Երիտասարդների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: