Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Միջոցառման նպատակն էր համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև արտասահմանյան գործընկերներին, վեր հանել խնդիրները, ներկայացնել պետական նախաձեռնությունները և ծրագրերը, ուսումնասիրել միջազգային փորձը, գիտելիքների ու մասնագիտական գործիքակազմը և դրանք կիրառելի դարձնել Հայաստանում։
«Ներառականության երաշխավորումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առանցքային տարրերից է: Չնայած պետության հանձնառությանը, վերջնիս կողմից ձեռնարկվող քայլերին և վերջին տարիներին ունեցած զարգացումներին` խնդիրներն այս ոլորտում բազմաթիվ են: Մենք պետք է կարողանանք տեսնել դրանք ու փորձենք վերջիններիս համար արագ ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ միջավայրն ընդհանուր առմամբ մատչելի չէ տարբեր առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Այս համատեքստում նա շեշտել է, որ անկախ և ինքնուրույն կյանքով ապրելու կարևորագույն նախապայմաններից է հենց մատչելիությունը:
Պաշտպանն անդրադարձել է նաև կրթության ոլորտում մատչելիության հետ կապված տարբեր խնդիրների, այդ թվում՝ բրայլյան կաղապարով համապատասխան ձեռնարկների տրամադրման առնչությամբ։ Ընդգծվել են նաև ուսումնական հաստատություններում ժեստերի լեզվի թարգմանության տրամադրման անհրաժեշտությունն ու այդ առումով առկա խնդիրները:
Ի թիվս այլնի՝ ներկայացվել են նաև բանկային ծառայությունների հասանելիության, ինչպես նաև թվային ծառայությունների, այդ թվում՝ կայքերի մատչելիության և առողջապահական համակարգի մատչելության հետ կապված հարցերը։
Ամփոփելով Անահիտ Մանասյանը նշել է, որ խնդիրները պետք է վերհանել և հրատապ գտնել դրանց համար արդյունավետ լուծումներ:
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել թեմատիկ պանելային մի շարք քննարկումներ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովն անցկացվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ: