ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ շնորհավորելով համալսարանականներին:
«Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Այսօր թեև ոչ աշխատանքային է, սակայն խորհրդանշորեն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, և մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի այն։ Ես վստահ եմ, որ մենք՝ համալսարանականներս, կձգտենք առավելագույնի՝ ձևավորելու ստեղծագործ միջավայր և արձանագրելու առաջընթաց բոլոր ոլորտներում։
Այսօր իմ խորհուրդն ու մաղթանքը մեկն է․ հիշե՛ք, որ հաջողությունը միայն նպատակակետին հասնելը չէ։ Դա այն փորձառությունների ամբողջությունն է, որոնք ունենալու եք այդ ճանապարհին։
Նոր գիտելիք, մարտահրավեր, ընկերություն, յուրաքանչյուր դաս ու զրույց, բացահայտումների յուրաքանչյուր բերկրանք՝ սրանք այն կարևոր թելերն են, որոնցով հյուսվելու է նոր ուսումնական տարվա պատմությունը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։
Բարի գալուստ ԵՊՀ»,- ասված է ուղերձում: