Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնը այս տարի Տավուշի մարզի Գոշ գյուղում է հյուրընկալվել։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով փառատոնին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
Հյուրերի շարքում էին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ինչպես նաև հյուրեր Կատարից և ԱՄԷ-ից։
Ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը հիմնադրել են Աննա, Անահիտ և Անուշ Մխիթարյանները։
Այս տարվա փառատոնը տարբերվում է նախորդներից․ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ այս անգամ պատրաստվել ու բեմ են դուրս եկել Հայաստանի բոլոր մարզերից ժամանած արվեստի դպրոցների սաներ։
Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ հատուկ կարիքներ ունեցող անձինք նոր ընկերներ են ձեռք բերել, նոր հմտություններ են սերտել՝ նշել են Մխիթարյան քույրերը։
Ընդհանուր առմամբ, այս տարի «Ճախրուկ» 4-րդ փառատոնում ելույթ է ունեցել 350 մասնակից Հայաստանից, Սիրիայից ու Ղազախստանից։
Անուշ Մխիթարյանի հիմնադրած «Ճախրուկ» հասարակական կազմակերպությունն էլ սկսել է աշխատել այն ուղղությամբ, որ ֆիզիկական և մտավոր առանձնահատկություն ունեցող երեխաներն ու երիտասարդներն ուսում ստանան դպրոցներում ու արվեստի կենտրոններում, բոլորի հետ լինեն հավասար դիրքերում և չզրկվեն պատշաճ կրթություն ստանալու իրենց իրավունքից։
Այս տարի նույնպես բեմի հարևանությամբ տեղադրված էր «Հոգու թռիչք 4» կտավը, որի վրա բոլոր ցանկացողները թողնում են իրենց հոգու մի մասը։