Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը գրել է, որ Իլհամ Ալիևի քննադատների դեմ նոր բռնաճնշումների շրջանակում Ադրբեջանի իշխանությունները պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել են հետազոտող և քաղաքական վերլուծաբան, Պրահայի Կարլի համալսարանի ասպիրանտ Բահրուզ Սամադովին:
Կազմակերպության տվյալով՝ Սամադովը քննադատել է պատերազմը և բռնությունները Լեռնային Ղարաբաղում։ Իշխանությունները Սամադովին ձերբակալել են Բաքվում, խուզարկել նրա տունը և առգրավել նրա անձնական իրերը, շարժական սարքերը և համակարգիչները: ️Նրան մեղադրել են WhatsApp հավելվածի միջոցով հայերին իբր գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, ինչը նա կտրականապես հերքել է։
Կազմակերպությունը նշել է նաև, որ նրանից առաջ ձերբակալվել է մեկ այլ հետազոտող՝ Իգբալ Աբիլովը, որը նույնպես մեղադրվում է պետական դավաճանության համար: Նա թալիշական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է։
Մեկ այլ հետազոտող՝ Ջավիդան Աղաևը, ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում՝ Լիտվա մեկնելու ճանապարհին, Սամադովի դեմ հետաքննության շրջանակներում:
Human Rights Watch-ը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով ձերբակալել է ավելի քան 30 անկախ լրագրողի, ակտիվիստի և գիտնականի:
Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին և դադարեցնել բռնաճնշումները՝ ապահովելով քաղաքացիական հասարակության ազատ մասնակցությունը COP-29-ին: