Ուզում եմ հիշեցնել՝ եռակողմ հայտարարության դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին, և շատ դեպքերում, երբ, օրինակ, ՌԴ-ի մեր գործընկերները խոսում էին եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը, ըստ էության, շրջանցում են, որովհետև նաև եթե եռակողմ հայտարարությունն է հիմքը, և եռակողմ հայտարարությունները մենք ուզում ենք արժևորել և կարևորել, պետք է գնանք և պետք է առաջին հոդվածից սկսենք կարդալ և տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Սա կարևոր ընդգծում է: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ: Հասկանում եմ՝ այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է:
Երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, նախորդող շրջանում էլի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, և այդ աշխատանքը ամենօրյա է:
Իհարկե, շատ երկար տևեց այդ ամեն ինչը, և մարդիկ երբեմն նաև հուսահատվում են, երբեմն նաև տպավորություն են ստանում, թե իրականում տեղի չի ունենում որևէ բան, բայց իրականությունն այդպիսին չէ»,- ասաց Փաշինյանը: