Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում, իհարկե, առանձին վերցրած սահմանազատման գործընթացում: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և համաձայնեցված կանոնակարգով որոշվե՞լ է, թե ինչ սկզբունքով են շարունակվելու սահմանազատման գործընթացը:
Փաշինյանն ընդգծեց, որ այն հրապարակվելու է երկուշաբթի, քանի որ կան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել պրոցեսի լեգիտիմությունն ապահովելու համար, ինչպես նաև երկու երկներում գործընթացները սինքրոնացնելու անհրաժեշտություն կա: Նաև հիշեցրեց, որ փաստաթուղթը ուղարկվելու է ՍԴ վավերացման, ապա՝ ԱԺ քննարկման:
«Չեմ կարծում, թե փաստաթղթի կանխատեսելիության մասին հիմա դուք որևէ հարց պիտի ունենաք, որովհետև կանխապես փաստաթղթի բովանդակությունն արդեն իսկ բացահայտված է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տեղի ունեցածի գնահատականին, որի մասով իրարամերժ կարծիքներ կան, ըստ Փաշինյանի՝ եթե խոսքը խաղաղության օրակարգի մասին է, նման փաստաթղթերի պարագայում չպետք է հարց դնել, թե փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը հաղթեց, Հայաստանը պարտվե՞ց, թե՞ հակառակը. «Որովհետև խաղաղության օրակարգի իրական և անկեղծ իրացումը նշանակում է, որ այդ հաղթել-պարտվելու ռեժիմից մենք դուրս ենք գալիս, և գալիս ենք, փորձում ենք հասնել համաձայնության ռեժիմի: Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, համաձայնության արդյունք է, որը շատ լավ է»:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։ Վարչապետի աշխատակազմը նշել է, որ Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այդ նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար: