Այնպես չէ, որ մենք մոռացել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ ընդհանրապես եռակողմ հայտարարությունները: Մենք չենք մոռացել: ԱԳՆ-ն էլ ՀՀ դիրքորոշումն այդ թեմայով արտահայտել է: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր առավելությունների կամ թերությունների, բոլոր կատարված կամ հիմնականում չկատարված բոլոր կետերի մասին մեր դիրքորոշումը հայտնի է: Կտրուկ շարժումներ անելու կոչերը ես լավ չեմ հասկանում:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է Ռուսաստանը անընդհատ հիշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և արդյոք ժամանակը չէ՞ Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու:
«Կտրուկ շարժումներ անելու կոչերը ես լավ չեմ հասկանում: Ինչո՞ւ հանենք ստորագրությունը, ինչի մենք մեր որևէ պարտավորություն չե՞նք կատարում կամ խուսափո՞ւմ ենք կամ չե՞նք ուզում կատարել: Ո՛չ, չկա այդպիսի բան»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ նման բոլոր մեկնաբանությունները սխալ են:
««Խաղաղության խաչմերուկում» այն, ինչ գրված է, լիարժեք համապատախանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տառին: Չկա որևէ տեղ, որևէ թուղթ, որտեղ Հայաստանը ստորագրած լինի, և որում գրված լինի, որ Հայաստանը իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունը ոչ միայն պետք է կորցնի, այլև որևէ ձևով նսեմանա: Չկա նման բան: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ ՀՀ տարածքով կոմունիկացիաների անցման՝ այդ կետի միակ սուբյեկտը, որից բխում է իրավազորություն և գործողություն, ՀՀ-ն է»,- արձագանքեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք կարող ենք խոսել չկատարված պարտավորությունների մասին՝ օրինակ՝ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, կարող ենք խոսել՝ արդյոք ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը ԼՂ-ում կատարե՞ց իր մանդատը, սակայն չի տեսնում պատճառ, որ ՀՀ-ն հետ վերցնի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից:
«Ինչո՞ւ պետք է հետ վերցնի, որ ի՞նչ ապացուցի. որ մենք որևէ բանից հրաժարվո՞ւմ ենք: Մենք որևէ բանից չենք հրաժարվել և ապացույցներ ունենք որևէ պարտավորությունից: Պարտավորությունից, ցավոք, հրաժարվել են այդ եռակողմ հայտարարության այլ կողմ կամ կողմեր»,- ընդգծեց վարչապետը: