«Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: Բայց ակնհայտ է, հրապարակային է, որ Ադրբեջանը, օրինակ, զենք է ձեռք բերում Իտալիայից: Ֆրանսիայի կողքի երկիրն է, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Պակիստանից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ ԵՄ-ն, Արևմուտքը զինում է Հայաստանին. Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-ի առնվազն 3 անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից: Մենք ամեն օր այդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց այդ ամենը գիտենք, ստանում ենք հետախուզական ճանապարհներով»,- այս մասին սուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ կան անկախ փորձագետներ, որոնք վերլուծական տեղեկանքներ գրելիս պնդում են, որ Ադրբեջանի այն մեղադրանքները, մասնավորապես՝ Սահմանադրության և զենքի ձեռքբերման մասով, որոնք ներկայացնում է Հայաստանին, իրականում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար ծխածածկույթի նշանակություն ունեն: Այսինքն՝ փորձում են Հայաստանին մեղադրել Սահմանադրությունում տարածքային պահանջներ ունենալու համար՝ քողարկելու իրենց սահմանադրության մեջ տարածքային պահանջների փաստը, փորձում են Հայաստանին մեղադրել սպառազինվելու համար՝ քողարկելու համար իրենց սպառազինվելու հարցը:
«Ինչքանո՞վ է արդար Հայաստանին մեղադրել այն պայմաններում, երբ անընդհատ սպառնալիքներ է լսում: Սակայն այս պարագայում էլ երկիրը չի գնում կոնֆլիկտային ճանապարհով:
Ասում ենք՝ մտահոգություն ունե՞ք, մենք էլ ունենք, եկեք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և կրճատման մեխանիզմներ ձևավորենք: Այդ առաջարկը հնչել է հրապարակային և ուժի մեջ է»,- նշեց նա՝ ընդգծելով՝ էսկալացիան մեր քաղաքական կամքը չի, և մենք որևէ կերպ հետաքրքրված չենք էսկալացիայով: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց վարչապետը: